Օգոստոսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս. ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. օգոստոս ամսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս:
«Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսին արձանագրվել էր ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն էր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու գործելաոճը շարունակվելու դեպքում` իրականացվելու են նաև կրկնակի ստուգումներ:–0–