Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մսավաճառներն ու անասնաբույծները կառավարության շենքի մոտ են. բողոքում են անասունների մորթի նոր պայմանների դեմ

20.01.2020, 14:47
Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, բայց հիմա ոստիկանությունը հեռացրել է ցուցարարներին ճանապարհների երթևեկելի հատվածից
Մսավաճառներն ու անասնաբույծները կառավարության շենքի մոտ են. բողոքում են անասունների մորթի նոր պայմանների դեմ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./ԱՌԿԱ/. Երկուշաբթի կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպած մսավաճառներն ու անասնաբույծները ներկայացրել են իրենց պահանջները։

Հիմա ոստիկանությունը հեռացրել է ցուցարարներին ճանապարհների երթևեկելի հատվածից։ Տիգրան Մեծ պողոտայի երթևեկությունը վերականգնվել է։

Բողոք և դժգոհություն

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից, ակցիայի մասնակիցները, մասնավորապես, նշում են, որ սպանդանոցում օրինակ կով մորթելու համար անհրաժեշտ է անցնել անասնաբուժական վերահսկողություն։ Նրանց խոսքերով, նրանք դեմ չեն դրան, սակայն գյուղերում անասնաբույժներ չկան։

Անասունի տերը պետք է սպանդանոցում թողնի մորթին և ներքին օրգանները և գումար է ստանում միայն մսի համար։ Արդյունքում, նրանց խոսքերով, մեկ կովից, որը նրանք պահում են տարվա ընթացքում, ստանում են 30–50 հազար դրամի օգուտ։

Նաև խնդիր կա` կապված անասունի կերի հետ, քանի որ խոտհունձի ընթացքում նրանցից պահանջում են լրացուցիչ վճար ջրի, ինչպես նաև հենց խոտհունձի համար, այդ գումարը կարող է գերազանցել 20–30 հազար դրամը։ Արդյունքում, կով պահելը դառնում է ոչ ձեռնտու։

Ցուցարարները նաև դժգոհում են, որ սպանդանոցները չեն տրամադրում մեքենա անասունը տեղափոխելու համար։

Ավելին, հաճախ սպանդանոցներում միսը որակվում է երրորդ սորտի, և դրա համար վճարվում է ավելի ցածր գին։ Անասնաբույծները դա համարում են անհիմն, քանի որ մսի գնահատման որևէ չափորոշիչ չկա։

Նրանք նաև բողոքում են, որ իրենց կողմից վաճառված կաթն ու միսը շուկաներում վաճառվում է եռակի–քառակի թանկ։

«Օրինակ, մենք կաթը վաճառում ենք մեկ լիտրի համար 80–100 դրամով, իսկ խանութներում կաթը վաճառվում է եռակի–քառակի թանկ և նման ջրի, ինչը չի համապատասխանցում սկզբնական որակին», – նշում են ցուցարարները։

Հարցի էությունը 

Վերջին օրերին Երևանում մսավաճառները և անասնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում` պահանջելով սպանդանոցներում մորթն իրականացնելու պարտադիր պահանջի վերանայում։ Այս պահանջը ուժի մեջ է մտել 2020թ.–ի հունվարի 15–ից։ Մասնավորապես, դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ գործող սպանդանոցները բավարար չեն մսի պահանջարկը բավարարելու համար։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանը հունվարի 17-ին հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և անասնաբույծների հետ։ Սպանդանոցների անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան ասվել է, որ այս պահին արդեն գործող 25 սպանդանոցների հզորությունները կարող են բավարարել Երևանի մսի պահանջարկը: Հանդիպմանը նշվել է, որ առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 23 սպանդանոց, որոնք արդեն ի վիճակի կլինեն ծածկել ողջ հանրապետության պահանջարկը: 

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը պարզաբանել է, որ սպանդանոցները խոզերի սպանդն իրականացնելու են առավելագույնը 5000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10000 ՀՀ դրամով: Իսկ կենդանի  կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը 3 գլուխ կենդանուց ոչ պակաս սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա կիրականացվի անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով:–0–