ԿԲ նախագահը չի բացառել, որ ապագայում մակրոկանխատեսումները կվերանայվեն
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի բացառել, որ մոտ ապագայում մակրոկանխատեսումները կվերանայվեն։
«Մեր նախկին կանխատեսումների համաձայն, տարին ընթանում է ավելի լավ, և հնարավոր է, որ տեղի ունենա տնտեսական աճի կամ տնտեսական զարգացման որոշակի վերանայում», – ասաց նա երեքշաբթի ասուլիսի ժամանակ։
Գալստյանը նաև նշեց, որ 2022թ.–ի առաջին եռամսյակում Հայաստանում նկատվում էին սպասվածից ավելի դրական զարգացումներ տնտեսական ակտիվության մասով։
«Միջազգային այցելուների զգալի ներհոսքը դրսևորվում է ծառայությունների ոլորտի բարձր աճով և ամբողջական պահանջարկի ընդլայնմամբ», – ասաց նա։
Դա, ԿԲ նախագահի խոսքով, նպաստում է Հայաստանի արտաքին բալանսի լավացմանն ու արտարժույթի շուկայում դրամի արժևորմանը։
«Գնահատվում է, որ դա դրական ազդեցություն կունենա նաև ներքին գնաճային միջավայրի թուլացման և գնաճային սպասումների կրճատման վրա», – ասաց Գալստյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ–ն այս տարվա մարտին վատացրել է երկրի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` նախկին 5,3%–ից մինչև 1,6%։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի ՀՆԱ–ի վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2022թ–ի պետբյուջեում նախատեսված է 7% չափով, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։ Կառավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունը 2022թ.–ին կաճի 7%–ով։
ԱՄՀ–ն այս տարվա մարտին վատացրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր դեկտեմբերյան կանխատեսումը (5,5%)` մինչև 1,5%։
ԱԶԲ–ն «Ասիայի զարգացման հեռանկարները» ապրիլյան զեկույցում կանխատեսել է Հայաստանի տնտեսության աճի դանդաղում` մինչև 2,8% 2022թ.–ին, իսկ հետո, տնտեսական ցնցումների ազդեցության թուլացման պայմաններում` վերականգնում` մինչև 3,8% 2023թ.–ին։
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը մարտին կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի հետ կապված իր կանխատեսումը` նախկին 5,3%–ից մինչև 1,3%։–0–