Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ–ում «Այգ 1» արևային կայանը կառուցող «Մասդար» ընկերությունը նախատեսում է իրականացնել ևս 200ՄՎտ հզորությամբ նախագիծ

17.01.2022, 12:11
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ
ՀՀ–ում «Այգ 1» արևային կայանը կառուցող «Մասդար» ընկերությունը նախատեսում է իրականացնել ևս 200ՄՎտ հզորությամբ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ:

Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: 

«Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,-ասել է նա։

Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։

Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու
հնարավորությունների մասին:

ՀՀ կառավարությունը 2019թ.–ի դեկտեմբերին ընդունել է «Մասդար Հայաստան» ներդրումային ծրագիրը, որի հիման վրա Հայաստանում նախատեսվում է կառուցել «Այգ 1» արևայի ֆոտովոլտային կայանը։ Ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան:

ԱՄԷ–ում գրանցված «Մասդար» ընկերությունը, որը հաղթել է 2021թ.–ի հուլիսին ծրագրի իրականացման տենդերում, երաշխավորել է էլեկտրաէներգիայի1 կՎտ/ժ–ի համար 0,0290 դոլար սակագին։ Ծրագրի ընդհանուր ներդրումները կազմում են 174մլն դոլար, արևային կայանը կդառնա Հայաստանի ամենախոշորը։

Նույն տարվա հոկտեմբերին Հայաստանն ու «Մասդար» ընկերությունը ստորագրել են Կառավարության կողմից այդ ծրագրի աջակցության համաձայնագիր։–0–