Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ նախագահը ստորագրել է Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները, սակայն դրանք անվանել է ժամանակավրեպ

30.06.2020, 23:35
ՀՀ նախագահը ստորագրել է Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները, սակայն դրանք անվանել է ժամանակավրեպ
ՀՀ նախագահը ստորագրել է Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները, սակայն դրանք անվանել է ժամանակավրեպ
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2020թ. հունիսի 26-ին:

Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև Օրենքի վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և ներկայացրել Հանրապետության նախագահին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայություն։

Հանրապետության նախագահը Օրենքի շուրջ քննարկումներ է ունեցել մասնագիտական հանրության ներկայացուցիչների՝ իրավաբանների, ֆինանսիստների և տնտեսագետների հետ:

Հանրապետության նախագահը տեղյակ է Օրենքի վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաև հաշվի առնելով Օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, Հանրապետության նախագահը կարծում է, որ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է:

«Նույնիսկ եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետևանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգացնել տալու», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ տարբեր գնահատականների, համավարակով պայմանավորված տնտեսական անկման և եկամուտների նվազման պայմաններում Օրենքի կիրառման դեպքում հնարավոր է քաղաքացիների հարկային բեռի ավելացում: Առանձնապես կարող են տուժել թոշակառուները, բազմազավակ ընտանիքները, միայնակ ծնողները, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ գույք ստացած, բայց ներկայումս եկամուտներ չունեցող անձինք, հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերած սեփականատերերը և այլք:

Ցավոք, Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք:

Համաձայն Սահմանադրության, Հանրապետության նախագահը կարող է ստորագրել օրենքը կամ չստորագրել, որի արդյունքում միևնունն է օրենքը մտնելու է ուժի մեջ, կամ դիմել Սահմանադրական դատարան:

Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների գնահատականների՝ առերևույթ Օրենքի սահմանադրականության
խնդիր չկա:

Հետևաբար, Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքը:

Ստորագրելով հիշյալ Օրենքը, Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակելու է հետևել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանն՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը:

Գույքահարկի մասին

ՀՀ կառավարությունը մայիսի 27–ին ընդունել է գույքահարկի համակարգի բարեփոխման նախագիծ, որի համաձայն 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, այլևս հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։

Հունիսի 25–ին ԱԺ–ն հաստատեց Հարկային օրենսգրքում նախատեսված աղմկահարույց փոփոփոխությունները, որոնցով նախատեսվում է կատարել գույքահարկի փոփոխություն։

Եթե գործող կարգի համաձայն չի հարկվում մինչև 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը, ապա ըստ փոփոխությունների, չհարկվող անշարժ գույք այլևս չի լինելու։ Անշարժ գույքը բաժանված է երկու խմբի՝ բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ և անհատական բնակելի տներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի վեց մակարդակ, և որքան գույքի արժեքը բարձր է, սեփականատերը այնքան շատ գույքահարկ է վճարելու։

Օրենքը ներդրվելու է 6 տարվա ընթցքում։ 2021թ.–ին բնակչությունը վճարելու է հարկի 25%–ը, 2022թ.–ին`30%–ը, 2023թ.–ին` 35%–ը, 2024թ.–ին` 50%–ը, 2025թ.–ին` – 75% –ը և միայն 2026թ.–ին քաղաքացիները կվճարեն ամբողջական հարկը։

Խորհրդարանական ընդդիմությունը կտրուկ քննադատեց այս օրենք` նշելով, որ այն խայտառակություն է ներկա սոցիալական պայմաններում` հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, որը միայն վատացնում է քաղաքացիների սոցիալական վիճակը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ գույքահարկը բարձրանում է միջինը 3-4 անգամ, և աներկբա է, որ բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է:

«Մոտավորապես 580 հազար նոր գույքային միավոր դառնում է հարկատու: Ասում եք տեսանելի հարստությունն ենք գանձում. այդ մինչև 3 միլիոն դրամանոց գույք ունեցո՞ղն է տեսանելի հարստություն: Ի՞նչ է ձեզ տալու, օրինակ, 140 դրամ վճարած մի գյուղացու հարկը», - նշել է պատգամավորը:–0–