ՀԴՄ կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 մլրդ 887 մլն դրամով. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այս տարվա տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս:
Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ տրամադրում են ՀԴՄ կտրոններ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն
քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ: Նաև այս մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ», – նշել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով, ստացվում են բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան:
«Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:–0–