2025 թ.-ին էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում իրականացվել են շուրջ 52 մլրդ դրամի ներդրումներ․ ՀԾԿՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․Կարգավորող ընկերությունների կողմից 2025 թ.-ին էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում իրականացվել են շուրջ 52 մլրդ դրամի ներդրումներ։
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նա նշել է, որ 31 մլրդ դրամը ներդրվել է էլեկտրաէներգետիկայի համակարգում, իսկ 21 մլրդ դրամը՝ գազամատակարարման համակարգում:
«Առաջին անգամ 17 մլրդ դրամի ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում, որից 5.2 մլրդ դրամ «Վեոլիա ջուր» ընկերությունն է իրականացրել, իսկ 5.5 մլրդ դրամի չափով ներդրումներ պետք է իրականացնի և իրականացնում է Ջրային կոմիտեն»,- նշել է Մեսրոպյանը:
ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ նշված ներդրումներն ուղղվել են սպառողների սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, սպառման համակարգերին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգերի կատարելագործմանը և ենթակառուցվածքների վերականգնմանը: