Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

1 մլրդ դոլարի ամերիկյան ներդրումների մասին Հայաստանում խոսելը եղել է երազանքի դաշտից, հիմա այդ ներդրումները կան․ Պապոյան

Այսօր, 15:52
Երբևէ չի եղել ԱՄՆ-ի կողմից ՀՀ նկատմամբ այսպիսի մեծ հետաքրքրություն, հայտարարել է էկոնոմիկայի նախարարը
1 մլրդ դոլարի ամերիկյան ներդրումների մասին Հայաստանում խոսելը եղել է երազանքի դաշտից, հիմա այդ ներդրումները կան․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երբևէ չի եղել ԱՄՆ-ի կողմից ՀՀ նկատմամբ այսպիսի մեծ հետաքրքրություն։

Այս մասին CivilNet–ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն` ընդգծելով, որ խոսքը նվազագունը 1 միլիարդ դոլարի մասին է։ 

«1 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումների մասին Հայաստանում խոսելը եղել է երազանքի դաշտից։ Հիմա այդ ներդրումները կան», – ասել է Պապոյանը։ 

Նախարարը հայտնել է, որ օգոստոսի 8-ի պայմանագրից հետո առաջին խոշոր ներդրումային նախագիծը եղել է Որոտանի հիդրոկասկադի արդիականացման համար հայկական բանկերի տրամադրած ավելի քան 120 միլիոն դոլարի վարկը։ 

«Կարող ենք փաստացի արձանագրել, որ իրականացման մեջ է կամ շատ շուտով կսկսի իրականանալ նաև TRIPP ծրագիրը», – նշել է Պապոյանը։ 

Նախարարի կանխատեսմամբ՝ մինչև ընտրությունները նշված ուղղությամբ կլինեն շատ կոնկրետ և տեսանելի քայլեր։ 

«Շատ տեսանելի քայլեր ասելով՝ նկատի ունեմ նախագծային պատրաստի աշխատանքներ և այլն, քանի որ դրանք նույնպես փաստացի աշխատանքներ են», - նշել է նախարարը։ 

Նա հայտնել է, որ ամերիկյան կողմն արդեն լուծել է ֆինանսավորման հարցերը, և խոսքը մոտ 140-170 միլիոն դոլարի մասին է։ 

Որպես երրորդ խոշոր ներդրումային նախագիծ Պապոյանն առանձնացրել է NVIDIA ընկերության նախագիծը, որը ենթադրում է նվազագույնը 500 միլիոն դոլարի ներդրում և հաջողության պարագայում հետագայում ավելի մեծանալու հնարավորություն ունի։ 

«Չորրորդ խոշոր ներդրումային պրոյեկտը, որի մասին նաև հայտարարվել է, քննարկումներ եղել են, կարող է լինել ատոմային էներգետիկայի շուրջ համագործակցությունը»,- նշել է նախարարը։ 

Պապոյանը նշել է, որ այս բոլորի հանրագումարը կազմում է նվազագույնը 1 միլիարդ դոլար, իսկ հետագայում այդ թիվը կարող է էլ ավելի մեծանալ։