Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

1,1 մլրդ դրամ կհատկացվի 11 համայնքների սուբվենցիոն ծրագրերին․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Երեկ, 12:20
Այս հատկացումով արդեն 2026 թվականի պետբյուջեից կունենանք 3 մլրդ 57 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր, ասաց նախարարը
1,1 մլրդ դրամ կհատկացվի 11 համայնքների սուբվենցիոն ծրագրերին․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը 1 մլրդ 100 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ առաջարկվում է համաֆինանսավորել 11 համայնքների 11 սուբվենցիոն ծրագրեր, որից 2-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի, 3-ը՝ Տավուշի մարզում:

«Այս հատկացումով արդեն 2026 թվականի պետբյուջեից կունենանք 3 մլրդ 57 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ տեղադրվել են ընդհանուր 353,1 կիլովատտ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային 7 կայաններ։

Ծրագրով իրականացվում է նաև շենքերի տանիքների հիմնանորոգում, վերականգնում, ճանապարհների ասֆալտապատում, խաղահրապարակի կառուցում, մանկապատեզի շենքի վերանորոգում ու հիմնանորոգում, ինչպես նաև արտաքին լուսավորության անցկացում, ոռոգման համակարգի արդիականացում, վերելակների փոխարինում և այլ աշխատանքներ:

Վարչապետը նշեց, որ միջոցներ են հատկացվել նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, գազամատակարարման գծի կառուցման, դուռ-պատուհանների փոխարինման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու և խորհրդատվական ծառայություներ ձեռք բերելու համար:

«Արագածոտնի մարզպետի աշխատակազմի շենքն ահավոր վիճակում է: Պետության համար ուղղակի նման շենքի գոյությունն ինքնին պրոբլեմ է, և պետք է այս հարցը լուծել»,- ասաց Փաշինյանը:

Խուդաթյանն ընդգծեց, որ աշխատանքները նախատեսված են իրականացնել փուլերով: