Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՀ կառավարությունը հաստատեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը

06.06.2013, 17:43
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում  հաստատեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը:
 ՀՀ կառավարությունը հաստատեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում  հաստատեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսեսյանի` տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

Նա նշեց, որ  ավիափոխադրումների հեռանկարային զարգացումների հնարավորությունները գնահատելու համար ՀՀ կառավարության, Հանրային խորհրդի և Քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց  ընթացքում առավելապես առաջարկվել են մոտեցումներ, որոնք ընդհանրացնելով կարելի է խմբավորել երեք հիմնական ուղղությունների` ունենալ պետական կամ պետական մասնակցությամբ ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերություն, կառավարության կողմից իրականացնել ազատականացված «բաց երկնքի» քաղաքականություն, կառավարության կողմից իրականացնել փուլային ազատականացման քաղաքականություն:

Մովսիսյանի խոսքով` առաջին տարբերակը, իր մեջ ունենալով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը առնչվող մեկ շատ կարևոր բաղադրիչ, այն է` հայկական ավիափոխադրող ունենալու հնարավորությունը, ունի նաև իր բացասական հետևանքները:

«Ժամանակի ընթացքում կարող է բերել հենց այդ նույն ավիաընկերության դիրքերի թուլացմանը, որը Հայաստանի Հանրապետությունը իր պրակտիկայում ունեցել է: Բացի այդ, այս տարբերակի կիրառումը պետության կողմից մեծ հովանավորչություն է պահանջում ավիափոխադրողի նկատմամբ: Սա կարող է բացասական անդրադառնալ՝ նախ մրցակցային դաշտ ստեղծելու գործընթացի վրա»,– ավելացրեց Մովսիսյանը։

Երկրորդ տարբերակը, նրա խոսքով,  ենթադրում է իր մեջ մեծ ազատականացումներ, որոնք հավասարապես պետք է կիրառելի լինեն ոչ միայն հայկական ավիափոխադրողների համար, այլ նաև օտարերկրյա ավիափոխադրողների:

«Նմանատիպ մոտեցումը կարող է առավելապես արդյունավետ դառնալ, երբ այդ ազատականացումները կիրառող պետությունն ունի իր ավիափոխադրողները, որոնք արդեն իսկ գործում են մրցակցային դաշտում, կայացած են և ձևավորել են իրենց ավիացիոն հեղինակությունը»,– ասաց նա։

ՔԱԳՎ ղեկավարն ընդգծեց, որ այս պահին «բաց երկնքի» գաղափարախոսությունը անվերապահորեն ներդնելով Հայաստանի Հանրապետությունում և չունենալով հայկական ավիափոխադրողներ, կարող է վտանգել հետայսու ավիափոխադրողներ ունենալու հնարավորությունը։

Մովսիսյանն ընդգծեց, որ այս նկատառումներից ելնելով և գնահատելով ներկայիս ժամանակաշրջանում համաշխարհային քաղաքացիական ավիացիայի զարգացումները` առավել ընդունելի է փուլային ազատականացման քաղաքականության վարումը` երրորդ տարբերակը, որն ուղղված կլինի քաղաքացիական ավիացիայի ոլորտում մրցակցության օժանդակությանը:

Օդային «մայրուղիները» կտրամադրվեն ավիաընկերությունների մրցակցային հիմունքներով, հնարավոր է, որ նույն օդային ուղղությամբ կգործեն երկու ավիաընկերություններ։

ՔԱԳՎ պետը նշեց նաև, որ այդ գործունեությամբ զբաղվող հայկական ավիաընկերությունները, նախևառաջ, կօգտվեն «Արմավիայի» կադրային պահուստից, դրա փորձից և ներուժից։

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ -0-