Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 10 ամսում աճել է 8,1%-ով
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը, նախնական տվյալներով, 2024 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցել է 8,1% աճ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընդ որում, ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.2%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 4.6%-ով։
Նախնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա տասը ամիսների արդյունքում աճ է գրանցվել տտնեսության բոլոր ոլորտներում, գյուղատնտեսության ոլորտի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն տրամադրվում։
Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2 398 982.7 մլն դրամ՝ աճելով 11,7%-ով, 2023 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ։ Ընդ որում հոկտեմբերին տարվա կտրվածքով աճը կազմել է 5,3%, իսկ ամսվա կտրվածքով՝ 10,9%։
Շինարարության ծավալը 2024 թվականի 10 ամիսների ընթացքում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 15,5%-ով և կազմել 484 545,9 մլն դրամ։ Հոկտեմբերին տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 13,5%-ով, իսկ ամսական կտրվածքով` 3,3%-ով։
Ընդ որում, ներքին ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 4 990 023,3 մլն դրամ, ինչը 18,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդ որում, հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, աճը կազմել է 13,7%, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,1%։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ծառայությունների ոլորտի (առանց առևտրի) ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 734 696,9 մլն դրամ, ինչը 5,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Հոկտեմբերին տարվա կտրվածքով աճը կազմել է 5,2%, իսկ ամսվա կտրվածքով արձանագրվել է 2,5% անկում։