Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-0

Սահմանվել են 2026 թ.-ի համար Սևանա լճում ձկան արդյունագործական որսի չափաքանակներն ու ժամկետները

Այսօր, 12:22
Կառավարությունը սահմանել է  Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները
Սահմանվել են 2026 թ.-ի համար Սևանա լճում ձկան արդյունագործական որսի չափաքանակներն ու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, որսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6 -ից նոյեմբերի 20-ը:

Այդ մասին ասյօր Կառավարության նիստի ժամանակ հայտնել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը:

«Որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 2025-ին ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացրած՝ Սևանա լճում ձկան պաշարների հաշվառման տվյալները, համաձայն որի՝ 2025-ի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591,8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373,9 տոննա»- ասել է Մկրտչյանը:

Փոխնախարարը հայտնել է, որ գիտական կենտրոնը, ըստ պայմանագրի, 2026 թվականի ամռանը կիրականացնի հետազոտությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի լրացուցիչ չափաքանակ աշնանային որսաշրջանի համար:

Գևորգյանը տեղեկացրել է, որ համաձայն Հարկային օրենսգրքի փոփոխությունների՝ 2026-ի սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կգ-ի դիմաց սահմանվել է 200 դրամ նախկին 65 դրամի փոխարեն, իսկ բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար:

Նրա խոսքով՝ 2025 թվականի համար սահմանվել է 1123 տոննա որսի թույլատրելի չափաքանակ 3 փուլով․ 1-ին փուլում՝ 314 տոննա, երկրորդ փուլում՝ 189 տոննա, 3-րդ փուլում՝ 620 տոննա:

«Փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել է շուրջ 72,5 մլն դրամ բնօգտագործման վճար», -նշել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ 2024թ․ ընդհանուր չափաքանակը կազմել է 679 տոննա 2 փուլով՝ 257 և 422, և փաստացի որսվել է 652,5 տոննա, վճարվել՝ 44,1 մլն դրամ բնօգտագործման վճար, իսկ 2023թ․ սահմանվել է ընդհանուր 600 տոննա չափաքանակ 2 փուլով, յուրաքանչյուր փուլում՝ 300 տոննա, և փաստացի որսվել է 366,1 տոննա, վճարվել՝ 25,4 մլն դրամ բնօգտագործման վճար:

«Այս տարիների ընթացքում աճ է նկատվել և՛ որսի սահմանաչափերի, և՛ փաստացի որսված ձկան չափաքանակների, ինչպես նաև վճարված բնօգտագործման վճարի չափով», -ընդգծել է Մկրտչյանը:

Կառավարությունը հաստատել է ներկայացված նախագիծը։