Ռուսական բիզնեսին սպառնալիքների բացակայության մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են փաստերին․ ՌԴ փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ասել էր, որ հանրապետությունում ռուսական բիզնեսին ոչինչ չի սպառնում, սակայն փաստերը հակառակն են ասում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Անցյալ ամառ մենք ուղղակիորեն հարցրինք Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանում ռուս ներդրողների գտնվելու հեռանկարների վերաբերյալ։ Մեր ուղղակի հարցին տրվեց ուղղակի պատասխան՝ Հայաստանում ռուսական բիզնեսին ոչինչ չի սպառնում։ Սակայն փաստերը հակառակն են ասում։ Մենք տեսնում ենք, որ մեզ ասվում է մեկ բան, բայց գործնականում տեղի է ունենում բոլորովին այլ բան։ Նախ խախտվեցին ռուս գործարարի սեփականության իրավունքները, ով շահեր ուներ էլեկտրաէներգիայի գնման և մանրածախ առևտրի ոլորտում («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն - խմբ.), իսկ հիմա ռուսական պետական ընկերությանն առաջարկ է արվել վաճառել կոնցեսիան (Հայաստանի երկաթուղու - խմբ.)», - ասել է նա։
Ինչպես նշել է Օվերչուկը, Մոսկվային հայտնի է, որ բացի արևմտականներից, հենց Հայաստանում էլ կան ցանկացողներ՝ դադարեցնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ և հեռացնելու ռուսական բիզնեսը հանրապետությունից։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում անցյալ տարի ընդունվել է դեկլարատիվ օրենք Եվրոպական միությանը անդամակցելու ձգտման մասին, և ջանքեր են գործադրվում ԵՄ ստանդարտներին անցնելու ուղղությամբ։ Չենք կարող ուշադրություն չդարձնել այս երկրի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններին Եվրամիության մաս դառնալու իրենց ձգտման մասին։ Մեզ համար նույն համատեքստում են թե՛ ռուս գործարարի սեփականության բռնագրավումը, թե՛ երկաթուղային կոնցեսիան վաճառելու առաջարկը», - մատնանշել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նշել է, որ էլեկտրաէներգետիկ ընկերության բռնագրավման պատճառների մասին հարցերին (սեփականատիրոջից՝ «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանից - խմբ.) Հայաստանում պատասխանում էին, որ դժգոհ են դրա սպասարկման ցածր մակարդակից։
«Այդպե՞ս է դա, թե՞ ոչ՝ Հայաստանի ներքին գործն է։ Ինչպիսին էլ լինի այս իրադարձությունների ենթատեքստը և ով էլ լինի այդ ռուս ներդրողը, սեփականության իրավունքն առաջնային է, այն ընկած է ցանկացած հարաբերությունների հիմքում։ Պետության կողմից մասնավոր սեփականության առգրավումը Հայաստանն ավելի գրավիչ չի դարձնում օտարերկրյա ներդրողների համար», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ «անկախ ազգային պատկանելությունից, ներդրողներն այժմ կհասկանան, որ եթե մի անգամ նման բան արել են նրանցից մեկի հետ, ապա չկան երաշխիքներ, որ դա չի կրկնվի մյուսների նկատմամբ»։
Օվերչուկն ավելացրել է, որ «այն փաստը, որ հենց ընկերությունը ռուսական չէր, միայն ամրապնդում է ներդրողների մտավախությունները»։
«Համապատասխանաբար, երկրի ներդրումային ռիսկերը նրանց կողմից կգնահատվեն որպես ավելի բարձր, Հայաստանում ակտիվների արժեքը կգնահատվի ավելի ցածր, քան կարող էր լինել, իսկ գործարարների ձգտումը՝ առավելագույն օգուտ ստանալ հնարավորինս կարճ ժամկետներում՝ ավելի բարձր։ Սա շուկայական տնտեսության աշխատանքի տրամաբանությունն է», - պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։
«Ի վերջո, դրանք հայ գործարարների և սպառողների ներքին խնդիրներն են», - եզրափակել է Օվերչուկը: