Ռոստովի շրջանն առաջարկել է տարածաշրջանում Հայաստանի առևտրի կենտրոն բացել
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոստովի շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևն առաջարկել է տարածաշրջանում Հայաստանի առևտրի կենտրոն բացել, որը կապահովի հայկական արտադրության ապրանքի առաջխաղացումը Ռուսաստանի հարավում:
«Նման կառույցը կկարողանա գործել պետական-մասնավոր գործընկերության սկզբունքով՝ Հայաստանի և Ռոստովի շրջանի շահագրգիռ ձեռներեցների մասնակցությամբ»,- ասաց Գոլուբևը Երևանում նախօրեին ռուս-հայկական «Ռուսաստան և Հայաստան, միջտարածաշրջանային երկխոսություն 2012» համաժողովի ավարտին:
Ինչպես նշեց Գոլուբևը, Հայաստանի հետ Ռոստովի շրջանի արտաքին առևտրաշրջանառություննընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե կրկնակի և հասել 13,4 մլն. դոլարի, այդ թվում՝ արտահանումը կազմել է 12,4 մլն. դոլար, ներմուծումը՝ 1 մլն. դոլար, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»:
Այսպես, Հայաստանը գնում է պարենամթերք և գյուղատնտեսական հումք, որոնք զբաղեցնում են այդ երկիր Ռոստովի շրջանի արտահանման 92 տոկոսը (11,4 միլիոն դոլար):
Բացի այդ, Հայաստանի իրենց գործընկերներին սեփական արտադրանքն են մատակարարում շրջանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները՝ Նովոչերկասկի էլեկտրաքարշաշինական գործարանը, Տագանռոգի մետալուրգիական և Վոլգոդոնսկի էլեկտրոդների գործարանը:
Շրջանն իր հերթին ներկրում է ոչ միայն պարենամթերք և գյուղատնտեսական հումք, ինչը կազմում է Հայաստանից Ռոստով արտահանման 80 տոկոսը, այլև շինարարական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրանք: 2011թ. առաջին կիսամյակի համեմատ՝ Հայաստանից Ռոստովի շրջան արտահանումը ավելացել է 25 տոկոսով:
«Մեզ հաջողվել է մեծացնել ապրանքաշրջանառությունը և դիվերսիֆիկացնել դրա կառուցվածքը: Կարծում եմ, որ մենք լավ հեռանկարներ ունենք այդ ուղղության հետագա զարգացման համար»,- նշեց Գոլուբևը:
Ըստ գոլուբևի՝ լավ հեռանկարներ ունի նաև տուրիստական բիզնեսի զարգացումը:
«Փորձը ցույց է տալիս, որ այդ ոլորտն ի զորու է այնպիսի տնտեսական ազդեցություն ունենալ, որը չի զիջի խոշոր ոլորտներին»,- ասաց Գոլուբևը՝ առաջարկելով տուրիստական փոխանակության զարգացումը խթանելու համար Ռոստովի և Հայաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատել:--0--