Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ․ Կառավարությունն ընդունեց նախագիծը

Այսօր, 13:51
Սա նշանակում է, որ օտար պետության ներդրողը ՀՀ-ից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, ասել է Էկոնոմիկայի փոխնախարարը
Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ․ Կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է խտրականության բացառման երաշխիք երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ և բարենպաստության ռեժիմ։

Ազգային ռեժիմի համաձայն օտարերկրյա ներդրողներն ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, իսկ բարենպաստության ռեժիմի համաձայն օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման, նույնանման բարենպաստ վերաբերմունք:

Էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանի խոսքով՝ սա նշանակում է, որ օտար պետության ներդրողը ՀՀ-ից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, որը ՀՀ-ում առկա է այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ:

«Ներկայումս գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում», - նշեց Սիրականյանը:

Նրա խոսքով՝ նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կագավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների և ներդրումների վրա, այլև տեղի ներդրողների և ներդրումների վրա, մինչդեռ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքի դրույթները տարածվում են միայն օտարերկրյա ներդրումների և ներդրողների հետ կապված իրավահարաբերությունների վրա:

Բացառություն կկազմեն միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված Մաքսային միության, ԱՏԳ-ի, ԵԱՏՄ-ի և միջազգային շուկայի ու միջազգային պայմանագրերով կարգավորվող այլ դեպքերը:

Էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ նախագիծը սահմանում է իրավական և ֆիզիկական պաշտպանվածության երաշխիք, ներդրումների իրավական դաշտի թափանցիկության երաշխիք, կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկման իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիք, վեճերի լուծման երաշխիք, արդարադատության մատչելիություն և այլն: