Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ՏՄՊՊՀ-ն 45 մլն դրամով տուգանել է երեք ընկերությունների` պետգնումների ոլորտում համաձայնեցված հակամրցակցային քաղաքականություն իրականացնելու համար

15.11.2013, 14:37
Հայաստանի Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրին տուգանել է  15-ական մլն դրամով` պետգնումների ոլորտում համատեղ համաձայնեցված հակամրցակցային քաղաքականություն իրականացնելու համար:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն 45 մլն դրամով տուգանել է երեք ընկերությունների` պետգնումների ոլորտում համաձայնեցված հակամրցակցային քաղաքականություն իրականացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրին տուգանել է  15-ական մլն դրամով` պետգնումների ոլորտում համատեղ համաձայնեցված հակամրցակցային քաղաքականություն իրականացնելու համար:

«Ընկերությունները հակամրցակցային համաձայնության են եկել և հակամրցակցային գործողություններ իրականացրել»,-ուրբաթ նիստի ընթացքում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ հանձնաժողովի անցկացրած համապատասխան հետազոտության տվյալները կուղղվեն Ֆինանսների նախարարություն, որից հետո, օրենսդրության համաձայն, վերը նշված ընկերությունները մեկ տարի ժամկետով կզրկվեն պետգնումների գործընթացին մասնակցելու իրավունքից:

Ըստ ՏՄՊՊՀ ղեկավարի, նույն ժամանակահատվածում տարբեր մրցույթներում ընկերությունները բոլորովին տարբեր գներ են ներկայացրել միևնույն ապրանքի դիմաց, օրինակ` «Ամարաս Յուսը» հաղթել է մրցույթներից մեկում` մեկ խտացրած կաթի դիմաց առաջարկելով 450 դրամ, իսկ մյուս մրցույթում` պարտվել, միևնույն ապրանքի դիմաց առաջարկելով 1100 դրամ:

Բացի այդ, այդ ընկերությունները գտնվելով փոխհամաձայնության մեջ, դիտավորյալ բարձրացրել են իրենց գները մրցույթում ընկերություններից մեկի հաղթանակի համար, որը շուկայականից առավել բարձր գներ է առաջարկել: Նաև դեպքեր են գրանցվել, երբ մրցույթին հաղթած ընկերությունը հրաժարվել է մատակարարումներից և հաղթող է ճանաչվել մեկ այլ ընկերություն` շուկայականից գրեթե կրկնակի բարձր գներով:

Շաբոյանը հիշեցրեց նաև, որ անցյալ տարի այս երեք ընկերությունները տուգանվել են ՏՄՊՊՀ-ի կողմից` մանկապարտեզներում կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար:

Միաժամանակ Հակամենաշնորհային հանձնաժողովի ղեկավարը լրագրողներին հայտնեց, որ բարձր գներով ապրանք մատակարարելու հարցում սոցիալական հաստատությունների ղեկավարները մեղավոր չեն, և մեղավորները միայն նշված երեք ընկերություններն են:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական հաստատությունները պատշաճ կերպով պատրաստել և մրցույթներ են անցկացրել, և այդ պատճառով մեր մեղադրանքներն ուղղվել են տնտեսական սուբյեկտներին, որոնք հակամրցակցային համաձայնության են եկել և հակամրցակցային գործողություններ ձեռնարկել: Եվ այս մեղադրանքները, որոնք մենք հայտնաբերել ենք, առկա են»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ մրցակցության գնահատականի բաժնի պետ Մանուկ Միքայելյանն իր հերթին տեղեկացրեց, որ հանձնաժողովն ուսումնասիրել է 88 սոցիալական հաստատություններում պետգնումների գործընթացը, ինչպես նաև ուսումնասիրել է 33 տնտեսական սուբյեկտների գործունեությունը և քննարկել շուրջ 200 մրցութային փաթեթներ: ($1 –ը` 405,63 դրամ)  -0-