Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակի վրա կարող է դրվել նաև ՓՄՁ–ների շահերի պաշտպանության գործառույթը

09.10.2012, 14:03
Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի վրա կարող է դրվել ոչ միայն սպառողների, այլ նաև փոքր և միջին ձեռնարկությունների շահերի պաշտպանության գործառույթը, երեքշաբթի հայտարարեց Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։
ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակի վրա կարող է դրվել նաև ՓՄՁ–ների շահերի պաշտպանության գործառույթը
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի վրա կարող է դրվել ոչ միայն սպառողների, այլ նաև փոքր և միջին ձեռնարկությունների շահերի պաշտպանության գործառույթը, երեքշաբթի հայտարարեց Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

«Եթե այսօր ֆինանսական հաշտարարի գրասենյակը զբաղվում է միայն քաղաքացիների հարցերով և բողոքներով, ապա շատ հնարավոր է, որ կառույցն իր հնարավորությունների զարգացմանը զուգահեռ նաև սկսի զբաղվել փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրներով»,– ասաց նա «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» ամենամյա համաժողովի ընթացքում:

Դարբինյանի խոսքով, այդ հարցն առայժմ քննարկումների փուլում է։ «Հետագայում, ելնելով կառույցի հնարավորությունների գնահատականից, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչ դեր կառույցը կարող է խաղալ այդ հատվածում»,– ավելացրեց նա։

ԿԲ–ի ներկայացուցիչն ընդգծեց, որ այսօր կարգավորիչը հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությանը ֆինանսական սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, ինչն ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն է գործում հանրապետության ֆինանսական կայունության վրա։

«Նմանատիպ ինստիտուտների գործունեությունը հատկապես կարևոր է այնպիսի երկրներում, ինչպես Հայաստանը, որոնք նախկինում ոչ այդքան մեծ վստահություն էին դրսևորում ֆինանսական ինստիտուտների նկատմամբ»,– նշեց նա։

Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանն իր հերթին, գնահատելով կառույցի գործունեությունը, նշեց, որ ինստիտուտն այսօր կայացել է, և ամբողջությամբ պատրաստ է իրականցնել այն բոլոր գործառույթները, որոնք նրա վրա են դրվել օրենքով։

«Երբ մենք նոր էինք սկսում աշխատել, մեզ համար շատ դժվար էր, քանի որ անվստահություն էր նկատվում ոչ միայն հասարակության, այլ նաև ֆինանսական համակարգի կողմից»,– նշեց նա։

ԱՊՀ երկրների թվում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն առաջին անգամ ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թվականի հունվարի 24–ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների օպերատիվ, արդյունավետ և անվճար դիտարկմանը և հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը։

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2011 թվականին օգնել է սպառողներին փոխհատուցել ավելի քան 58 մլն դրամ, իսկ 2010–ին և 2009–ին այդ ցուցանիշը կազմել է, համապատասխանաբար, 29 մլն դրամ և 26 մլն դրամ։ -0-