Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար․ եթե քննչական գործողությունները երկար շարունակվեն, ընկերության աշխատանքը կխաթարվի.

08.07.2025, 13:07
Այսօր առավոտից  անհետաձգելի քննչական գործողություններ են կատարվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխամասում
ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար․ եթե քննչական գործողությունները երկար շարունակվեն, ընկերության աշխատանքը կխաթարվի.

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Առավոտյան ժամը մոտ 08.10-ին տեղեկացրին, որ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեին պետք է գործողություններ իրականացնեն ՀԷՑ-ում, արագ եկել եմ այստեղ. հիմա քննչական գործողություններ են իրականացվում։ Այս մասին  այսօր ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Խոստացել են շատ արագ վերջացնել, որպեսզի նաև մեր աշխատանքը չպարալիզացվի։ Տեսնենք ինչ կլինի։ Տեղյակ չեն պահել, թե ինչ գործով են այստեղ։ Իրենք ներկայացրել են դատարանի որոշումները քննչական գործողություններ կատարելու հետ կապված։ Հիմա կատարվում են այդ գործողությունները։ Այլ բաներ չասեմ»,-ասաց Ղազինյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ղազինյանը նշեց, որ տեղյակ չի եղել, սակայն կանխատեսել է այդպիսի զարգացում։

«Ես որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար որևէ պաշտոնական խողովակում որևէ բան չեմ ստացել։ Մինչ այս պահը որևէ տեղեկատվություն չունեմ»,–ասաց նա։

Ղազինյանը չցանակացավ պատասխանել լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք այս գործում կան քաղաքական մոտիվներ։

«Քանի որ ես ներկայացնում եմ ՀԷՑ-ը, թույլ տվեք քաղաքական հարցերի չպատասխանել»,-ասաց նա։

Ես որպես ՀՀ քաղաքացի, ակնկալում եմ իրավական գործընթաց՝ իր ճիշտ լուծումներով, այսինքն ծանուցել, հասկանալ, տեսնել»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե երկար շարունակվեն քննչական գործողությունները, ապա ՀԷՑ–ի աշխատանքը կարելի է համարել խաթարված։

«Եթե երկար շարունակվի, հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր առավոտից  անհետաձգելի քննչական գործողություններ են կատարվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխամասում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի ազգայնացման նախագծի օրենսդրական փոփոխությունները։ Փոփոխություններին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 27 պատգամավոր

Օրենսդրական նախագծի մասին

ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում էր «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնք նախատեսում են ՀՀ-ի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկական ոլորտի օպերատորների նկատմամբ վարչական վարույթ հարուցելուն վերաբերող հարցեր։

Առաջարկվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները, սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը, սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգը։

ՀԷՑ-ի սեփականատիրոջ հետ կապված իրավիճակի մասին

Հունիսի 19-ին Հայաստանում կալանավորվել է ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կարապետյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ ինքը միշտ եղել է Հայ եկեղեցու և հայ ժողովրդի կողքին։

«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,– նշել է Կարապետյանը։

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԷՑ-ը ազգայնացնելու մտադրության մասին՝ պնդելով, որ գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։