Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի երշիկեղենի որոշ տեսակներում մսի պարունակությունը կազմում է ընդամենը 16%. ՏՄՊՊՀ

10.12.2012, 14:32
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից անցկացված հետազոտության համաձայն` երշիկեղենի շուկայում արտադրանքի որոշ տեսակներում մսի պարունակությունը կազմում է ընդամենը 16 տոկոս:
Հայաստանի երշիկեղենի որոշ տեսակներում մսի պարունակությունը կազմում է ընդամենը 16%. ՏՄՊՊՀ
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից անցկացված հետազոտության համաձայն` երշիկեղենի շուկայում արտադրանքի որոշ տեսակներում մսի պարունակությունը կազմում է ընդամենը 16 տոկոս:

Երկուշաբթի կայացած նիստի ժամանակ ՏՄՊՊՀ-ն  որոշում է կայացրել երշիկեղենի արտադրությամբ զբաղվող 21 ընկերությունների նկատմամբ օրենքով նախատեսված առավելագույն տուգանք սահմանել՝ եկամտի տարեկան ծավալի 1 տոկոսը:

Տուգանված ընկերություններն են՝ «Մուշ», «Ա.Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսի գործարան», «Մարիլա», «Բաբեկ 90», «Էրեբունի Աստղ», «Հայր և որդի Գալստյաններ», «Երեմկա, «Էլիտ Պրոդ», «Ա.Շիրվանյան և ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե և Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան»:

Ինչպես նիստի ընթացքում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, տվյալ ընկերությունների արտադրանքում սոյայի, կաթի փոշու, օսլայի, ալյուրի, նիտրիտի, ֆոսֆորի և այլ նյութերի մեծ պարունակություն է հայտնաբերվել, որոնք կոչված են ավելացնել արտադրանքի քաշը, դրան առավել ախորժալի տեսք հաղորդել:

«Երշիկեղենի փաթեթավորման վրա տվյալ նյութերի պարունակության մասին տեղեկություն չի եղել: Ավելին, փաթեթավորման վրա նշված նյութերը հայտնաբերվել են «Մանկական» և «Դիետիկ» անվանումներով երշիկներում»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ Շաբոյանի՝ երշիկների մի քանի տեսակների մեջ տավարի և խոզի փոխարեն օգտագործվել է ներմուծված գոմեշի և սառեցված հավի միս:

ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ Հանձնաժողովը մտադիր է դիմել Գյուղատնտեսության նախարարություն՝ երշիկեղենի արտադրության կարգավորման ոլորտում օրենսդրության համապատասխան բացթողումները վերացնելու նախաձեռնությամբ:

«Անբարեխիղճ տնտեսական սուբյեկտներն օգտվել են օրենսդրության բացթողումներից: Մասնավորապես տեխնիկական կանոնակարգում մսի և մսամթերքի  համար նշված չէ, թե ինչպիսին պետք է լինի արտադրանքում մսի պարունակությունը, որպեսզի այն հնարավոր լինի եշիկեղեն համարել»,- ավելացրեց նա: -0-