Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի բանկային համակարգի աճը 2013թ.–ին կկազմի 18-22%. Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն

30.01.2013, 17:04
Հայաստանի բանկային համակարգի աճը 2013թ.–ին կտատանվի 18–22 տոկոսի սահմաններում, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի աճը 2013թ.–ին կտատանվի 18–22 տոկոսի սահմաններում, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

«2009–2010թթ.–ին նկատվող բանկային համակարգի անկումը փոխարինվեց 2011–2012թթ.–ի աճով։ 2012թ.–ին համակարգի աճը կազմեց շուրջ 20 տոկոս, ըստ մեր կանխատեսումների, դրա տեմպերը գալիք տարում կպահպանվեն»,– ասաց նա։

Ըստ Թառումյանի, բանկային համակարգի միջոցով վարկավորման ծավալները 2012թ.–ին նույնպես աճել են մոտ 20 տոկոսով։

«Կարևոր է նշել, որ վարկավորման աճը տեղի է ունենում ոչ միայն կորպորատիվ հատվածում, այլ նաև ֆիզիկական անձանց վարկավորման ուղղությամբ։ Դա դրական գործոն է, որը վկայում է, որ մարդիկ աշխատանք ունեն, և նրանք վճարունակ են»,– նշեց նա։

Դրական գործոնների թվում Թառումյանն ընդգծեց նաև բանկերի միջոցով հիփոթեքային վարկավորման ծավալների որոշակի աճը։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների, Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել են շուրջ 2 412,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 2 տրլն դրամ, վարկային ներդրումները` 1,5 տրլն դրամ։ Միաժամանակ բանկերի չտեղաբաշխված շահույթը կազմել է մոտ 42,5 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է 409,5 մլրդ դրամ։

Ներկա պահին Հայաստանում գործում է 21 բանկ` 458 մասնաճյուղով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ($1 – 407,75 դրամ է)։-0-