Հայաստանը 2025 թ.-ին ՌԴ-ից բիզնես ուղևորությունների համար լավագույն 10 ուղղությունների շարքում է
ԵՐԵՎԱՆ. 2 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը 2025 թ.-ին ընդգրկվել է ռուսական բիզնեսի ներկայացուցիչների արտասահմանյան գործուղումների առավել հանրաճանաչ ուղղությունների տասնյակում՝ համաձայն գործուղումների կազմակերպման մեջ մասնագիտացած «Աէրոկլուբ» ընկերության հետազոտության։
Ըստ «Ինտերֆաքսի»՝ Հայաստանին է բաժին ընկել Ռուսաստանից գործարար ճանապարհորդների բոլոր թռիչքների մոտ 2%-ը։ 2024 թ.-ի համեմատ բիզնես ուղևորությունների ծավալը դեպի երկիր կրճատվել է 21%-ով, սակայն հանրապետությունը պահպանել է ներկայությունը ամենապահանջված ուղղությունների թոփ-10-ում։
2025 թ.-ին վարկանիշի առաջատարն է դարձել Չինաստանը, որին բաժին է ընկել բոլոր գործնական թռիչքների 18%-ը (նախորդ տարվա 16%-ի դիմաց)։ Դեպի Չինաստան ուղևորությունների պահանջարկի զգալի մասն ապահովել են նավթագազային և էներգետիկ ոլորտների ընկերությունները՝ ընդհանուր ծավալի 40%-ը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանը, չնայած գործուղումների ծավալի 16% նվազմանը՝ ՏՏ և հեռահաղորդակցության ընկերությունների կողմից ուղևորությունների կտրուկ կրճատման ֆոնին։
Երրորդ հորիզոնականը պահպանել է Թուրքիան, որտեղ պահանջարկը նվազել է 21%-ով։ Ռուսական բիզնես ուղևորությունների համար առավել հանրաճանաչ միջազգային ուղղությունների տասնյակում ընդգրկվել են նաև Ուզբեկստանը, Բելառուսը, ԱՄԷ-ն, Սերբիան, Վրաստանը և Հնդկաստանը։