Գինու արտահանման 13% աճ և նոր կլաստերներ Եղեգիսում և Արենիում. Պապոյանը մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանից գինու արտահանման գումարային աճը 2024 և 2025 թթ.-երի համեմատությամբ, կազմել է 13% ՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր է համաշխարհային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին։
«Միջազգային շուկաներում գինու սպառումն, ընդհանուր առմամբ, անկում է ապրում, բայց մեր գինու արտահանումը շարունակաբար աճում է»,- նշել է Պապոյանը։
Նախարարը հայտնել է, որ գինու արտադրության և արտահանման աճին զուգահեռ զարգանում է նաև գինու տուրիզմը։
Պապոյանի խոսքով՝ Հայաստանն արձագանքում է համաշխարհային տենդենցին՝ գինու տուրիզմի աճին, և ՀՀ կառավարությունը ծրագրում է մի քանի տասնյակ միլիոն դրամի ներդրումներ իրականացնել Եղեգիս և Արենի համայնքներում։
«Մենք ստեղծելու ենք գինու և ագրոտուրիզմի կլաստեր Եղեգիսում և Արենիում։ Դա նրա համար է, որ մենք ոչ միայն գինի արտադրենք և արտահանենք, այլ նաև զբոսաշրջիկը գա Հայաստան և 1 բաժակ գինու համար վճարի այնքան, որքան 1 շշի համար է նախատեսված»,- ասել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ գինու տուրիզմը հենց դրանով է հետաքրքրիր, այսինքն՝ նույն զբոսաշրջիկն ավելի հակված է պայմանական 5 դոլար վճարել ոչ թե խանութից 1 շիշ գինի գնելու, այլ գինու տուրիզմի քարանձավում կամ համտես սրահում 1 բաժակ գինի խմելու համար։