«Ավտո Գելլրի»–ն Հայաստանում գործարկում է լիցքավորման կայանների ցանց էլեկտրամոբիլների համար նոր բիզնես– մոդելի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «Ավտո Գելլրի» ընկերությունը Հայաստանում գործարկում է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների «Auto Gallery Recharge» ցանցի նոր ենթաբրենդը: Այն հաճախորդները, ովքեր ապրիլի 10-ից հետո ավտոմեքենաներ կգնեն «Ավտո Գելլրի» ավտոսրահից, կկարողանան ցանցից օգտվել անվճար: Այս մասին հայտնել է ընկերության հիմնադիր և տնօրեն Գևորգ Գևորգյանը:
«Մենք ներկայացնում ենք «Auto Gallery Recharge» նոր ենթաբրենդը, որը թույլ կտա լուծել էլեկտրամոբիլների լիցքավորման հարցը ողջ Հայաստանում: Ընդ որում, Auto Gallery-ի այն հաճախորդները, ովքեր էլեկտրամոբիլներ կգնեն ապրիլի 10-ից հետո, կկարողանան երաշխիքային ժամկետի ընթացքում դրանք լիովին անվճար լիցքավորել ընկերության ցանցում և վայելել բոլոր առավելությունները: Արտոնությունները կգործեն կոմերցիոն մեքենաների համար 5 տարի, իսկ մարդատարների համար՝ 6 տարի ժամկետով: Սա լիարժեք հարմարավետություն կստեղծի և վստահություն կհաղորդի մեր հաճախորդներին ուղևորությունների ժամանակ», — նշել է Գևորգյանը:
Կայանները հագեցած կլինեն BESS (Battery Energy Storage System) համակարգով, ինչը կապահովի կայուն և հուսալի լիցքավորում՝ անկախ ցանցի ծանրաբեռնվածությունից: 2026 թվականին նախատեսված առաջին փուլի շրջանակում ընկերությունը կկառուցի մոտ 90 fast charger կայան՝ 160 կՎտ հզորությամբ: 2027 թվականին նախատեսվում է կրկնապատկել դրանց թիվը:
Ցանցի առանձնահատկությունը կլինի աշխարհագրական լայն ծածկույթը. կայաններ կհայտնվեն ոչ միայն Երևանում, այլև ողջ Հայաստանում, այդ թվում՝ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Դիլիջանը, Գյումրին, Ապարանը, Վանաձորը, Սիսիանը, Կապանը, Արմավիրը և Մարտունին, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին:
«Յուրաքանչյուր կայան հասանելի կլինի 50 կմ շառավղով, ինչը վարորդներին թույլ կտա ազատ տեղաշարժվել քաղաքների և մարզերի միջև: Նախատեսվում է կառուցել կայաններ, որոնք կկարողանան միաժամանակ լիցքավորել 8-ից 20 մեքենա՝ հերթերը նվազեցնելու և հաճախորդներին առավելագույն հարմարավետություն ապահովելու համար», — հավելել է Գևորգյանը:
Նախկինում ձեռք բերված մեքենաների տերերը կկարողանան օգտվել ցանցից՝ վճարելով էլեկտրաէներգիայի համար Հայաստանում սահմանված սակագներով: Ցանցից կկարողանան օգտվել նաև այլ բրենդների էլեկտրամոբիլների սեփականատերերը: Ծրագիրը մեկնարկում է հենց այսօր, իսկ առաջին կայանի բացումը նախատեսված է հուլիսին:
«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին, կառավարվում է տասնամյա փորձ ունեցող թիմի կողմից: «Ավտո Գելլրի»-ն IM Motors և Saic Maxus բրենդների, ինչպես նաև CATL-ի և Scania-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։