Ավարտվել է «ՀԷՑ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 2 անձանց վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ սեփականատեր Ս.Կ.-ի, ինչպես նաև վերջինիս պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ի և Ա.Խ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։
Գործը վերաբերում էր առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելուն, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանտ, իրավաբանական անձ օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելուն, ինչպես նաև Ս.Կ.-ի կողմից իշխանությունը բռնի զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելուն։
Նախաքննությամբ պարզվել է, որ «ՀԷՑ»-ի սեփականատեր Ս.Կ.-ն, ընկերության փաստացի շահառուների՝ Կ.Դ.-ի, Կ.Հ.-ի և Ա.Խ.-ի հետ, կազմակերպել է տնօրեն Վ.Թ.-ի կողմից շուրջ 1,8 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործընթացը։ Բացի այդ, 2020-2023թթ. ընթացքում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքն ու այլ ընկերություններ, նշված անձինք խաբեությամբ հափշտակել են շուրջ 4,9 մլրդ դրամ և օրինականացրել այդ հանցավոր գումարները։
Բացի այդ, Ս.Կ.-ն ՀՀ-ում գրանցված այլ ընկերությունների երկու ղեկավարների հետ, նյութական օգուտներ ստանալու և ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով նշված ընկերությունների օգտագործումը կազմակերպելու միջոցով, վերջիններիս կողմից ծառայողական լիազորությունների և դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործմամբ օրինականացրել է հանցավոր ծագում ունեցող և օրինական գործունեությամբ չհիմնավորվող՝ առանձնապես խոշոր չափերով շուրւջ 1.5 միլիարդ դրամ և շուրջ 438 միլիոն դրամ:
Նշվում է, որ Ս.Կ.-ն նաև 2025 թվականի հունիսի 17-ին հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ:
Ս.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, Ա.Խ.-ի և Վ.Թ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:
Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվել 2025 թվականի հունիսի 18-ից դեկտեմբերի 30-ը, ինչից հետո խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:
Նրան մեղսագրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր: Քրեական գործի առիթ են հանդիսացել Կարապետյանի հայտարարությունները՝ արված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ միշտ սատարել է Հայ Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին և հավելել էր, որ քաղաքական գործիչների ձախողման դեպքում «պատրաստ է իր ձևով մասնակցել տեղի ունեցողին»:
Ավելի ուշ Կարապետյանին առաջադրվել են նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար: Կարապետյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։