Air Armenia–ի նոր բաժնետեր «East Prospect Fund»–ը մտադիր է ընկերության մեջ 30 մլն դոլար ներդնել. Բոբիլյով
19.12.2014,
18:20
Air Armenia–ի նոր բաժնետեր «East Prospect Fund» հիմնադրամը մտադիր է ավիաընկերության մեջ ներդնել 30 մլն դոլար, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բոբիլյովը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Air Armenia–ի նոր բաժնետեր «East Prospect Fund» հիմնադրամը մտադիր է ավիաընկերության մեջ ներդնել 30 մլն դոլար, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բոբիլյովը։
«Ես կցանկանայի մեր հիմնադրամը ներկայացնել ոչ այնքան որպես Air Armenia ընկերության նոր բաժնետեր, այլ ավելի շատ որպես ներդրող։ Մեր գլխավոր խնդիրն է ներդրում կատարել ընկերության մեջ, զարգացնել բիզնեսը։ Առաջին փուլում մենք 30 մլն դոլարի մասին պայմանավորվածություն ունենք, սակայն չենք սահմանափակվի այդ գումարով։ Մենք նախնական պայմանավորվածություններ ունենք` ուղղված նոր օդանավերի ներգրավմանը։ Ընկերության վերակառուցվածքայնացման հստակ ծրագիր կա, նոր բիզնես ծրագիր», – ասաց Բոբիլյովը։
Նրա խոսքերով` իրենք հատուկ ընտրել են Air Armenia ընկերությունը, քանի որ, առաջին հերթին, լայն առումով հավատում են Հայաստանի բարգավաճմանը` որպես պետության, իսկ նեղ առումով` ավիաընկերությունը բավականին հեռանկարային է։
Հիմնադրամի կառավարչի խոսքերով` այսօրվա դրությամբ իրենք ունեն երկու գործարան, կվարցիտի մեկ հանքավայր, որը «Ուկրգեոլոգիան» գնահատել է 2,5 մլրդ դոլար, ինչպես նաև մեծ քանակությամբ հողատարածքներ Կիևի շրջանում։
«Ոչ մի դեպքում չենք ցանկանում, որպեսզի մեր նկատմամբ կիրառվի «օֆշորային» ընկերություն բառը։ Մենք օֆշորային ընկերություն չենք, այլ` արտոնագրված ֆինանսական ինստիտուտ։ Ունենք շատ խիստ լիցենզիոն պայմաններ, մենք ընկերություն չենք, այլ` հիմնադրամ։ Մեր կանոնակարգերը նման են բանկի կանոնակարգերին։ Ի տարբերություն այլ ֆինանսական ինստիտուտների` մեր հիմնադրամն աշխատում է ֆինանսական իրավունքի շրջանակում։ Այսինքն` մենք գրեթե արևմտյան ֆինանսական ինստիտուտ ենք, որը եկել է Հայաստան», – ասաց Բոբիլյովը։
Նրա խոսքերով` իրենց համար այսօր բացարձակ առաջնահերթություն է Air Armenia–ն, և իրենք հաճելիորեն զարմացել են, որ Հայաստանում աշխատանքի կարճ ժամանակահատվածում մի շարք առաջարկներ են ստացել հայկական ընկերություններից, որոնք խնդրել են նրանց հանդես գալ որպես ներդրող։ Այդ առաջարկները քննարկման փուլում են։
Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը հոկտեմբերի վերջին որոշում է կայացրել կտրուկ քայլեր կատարել ֆինանսների վերակազմավորման և թռիչքների ժամանակացույցը փոխելու ուղղությամբ։
«Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնանկացման ընթացակարգի մեկնարկից հետո (2013 թվականի ապրիլի 1) Air Armenia–ն, որը նախկինում միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցել է ուղևորափոխադրումների իրականացման։
East Prospect Fund–ը արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Հիմնադրամը ֆիզիկական և իրավաբանական անձանց խմբի ներդրումային գործընկերություն է։ Հիմնադրամը ներդնում է սեփական և ներգրավված միջոցները ձեռնարկությունների խնդրահարույց ակտիվներում և պաշտպանում է դրանք։ Հիմնադրամը ղեկավարվում է Լոնդոնից և Կիևից։–0–