Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Air Armenia–ի նոր բաժնետերը 68,6 մլն դոլարի ներդրում է կատարել

14.08.2015, 16:24
Air Armenia ավիաընկերության հաշվեկշռում 68,6 մլն դոլար է մուտք արվել ավիաընկերության բաժնետեր «East Prospect Faund» ներդրումային ֆոնդի կողմից, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Air Armenia–ի նոր բաժնետերը 68,6 մլն դոլարի ներդրում է կատարել
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Air Armenia ավիաընկերության հաշվեկշռում 68,6 մլն դոլար է մուտք արվել ավիաընկերության բաժնետեր «East Prospect Faund» ներդրումային ֆոնդի կողմից, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

«Կատարված ներդրումը «Air Armenia» ՓԲԸ-ի սեփականությունն է և կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության և նպատակի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Իրականացված գործարքի արդյունքում, «Air Armenia» ՓԲԸ–ն ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը և մեծացնելով նրա կապիտալային արժեքը։

«Գործարքի գլխավոր ձեռքբերումն այն է, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Air Armenia» ավիաընկերությունն ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից և ֆինանսական և այլ ռիսկային իրավիճակներից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Air Armenia–ի մարկետինգի բաժնի պետ Սիրական Համբարձումյանը, այսօր ընկերությունը չի իրականացնում ավիափոխադրումներ։ Նրա խոսքով` ընկերությունը նախատեսում է սկսեց ավիափոխադրումների գործընթացը հաջորդ տարվա ամառային սեզոնին։

Միաժամանակ այս տարվա մարտին ընկերությունը նախատեսում էր վերսկսել թռիչքներն արդեն մայիսի սկզբին։

Համբարձումյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ ընկերության ավիապարկում ինքնաթիռներ չկան, քանի որ Air Armenia ավիաընկերությունը բոլոր ինքնաթիռները վերադարձրել է սեփականատերերին։

«Ամբողջական ծավալով ներդրումներ ներգրավելուց հետո ավիաընկերությունը բանակցություններ կսկսի ինքնաթիռների սեփականատերերի հետ (հավանական է, որ դրանք կլինեն Airbus A320 տիպի ինքնաթիռներ)։ Սակայն որոշում դեռ ընդունված չէ։ Բանակցություններն ընթանում են, կա բիզնես–պլան, որով մենք աշխատում ենք», – մեկնաբանեց Համբարձումյանը նոր ինքնաթիռներ գնելու ծրագրերը։

Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը 2014թ.–ի հոկտեմբերի վերջին որոշում էր կայացրել կտրուկ քայլեր կատարել ֆինանսների վերակազմավորման և թռիչքների ժամանակացույցը փոխելու ուղղությամբ։ Ավիաընկերության չվերթերը դադարեցվեցին։ Ավելի վաղ Air Armenia–ում հայտարարեցին, որ ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունն Air Armenia–ում առկա խնդիրների մասին հանգեցրել է վաճառքների նվազման 80 տոկոսով, ինչի հետևանքով հասույթը մոտեցել է կրիտիկական նվազագույնի։

2014 թ.–ի դեկտեմբերին Air Armenia ավիաընկերության նոր ներդրողն ու բաժնետերը` «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամը, որն ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատերն է, պարտավորվել է ներդնել 30 մլն դոլար և  ընկերության պարկը համալրել նոր ինքնաթիռներով` հասցնելով դրանց թիվը 5–ի։

«Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնանկացման ընթացակարգի մեկնարկից հետո (2013 թվականի ապրիլի 1) Air Armenia–ն, որը նախկինում միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցել է ուղևորափոխադրումների իրականացման։

East Prospect Fund–ը արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Հիմնադրամը ֆիզիկական և իրավաբանական անձանց խմբի ներդրումային գործընկերություն է։ Հիմնադրամը ներդնում է սեփական և ներգրավված միջոցները ձեռնարկությունների խնդրահարույց ակտիվներում և պաշտպանում է դրանք։ Հիմնադրամը ղեկավարվում է Լոնդոնից և Կիևից։–0–