Ադրբեջանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հայկական բիզնեսն արտահանման համար կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղին․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի ներկայացուցիչները վերահաստատել են, որ հայկական բիզնեսը, տնտեսվարողները արտահանման համար կարող են օգտագործել Ադրբեջանի երկաթուղին։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Սա, կարծում եմ, շատ էական և պամական արձանագրում է, որովհետև 90-ականներից այս կողմ նախորդ տարի առաջին անգամ էր, որ Ադրբեջանի տարածքով գնացք է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն, հիմա Վրաստանի տարածքով, իհարկե, նաև հետագայում երկաթուղային նախագծերը իրագործելուց հետո, նաև էդպես ավտոճանապարհները կբացվեն», – ասել է Փաշինյանը՝ նշելով, որ առաջիկայում կլինեն այդպիսի զարգացումներ, հիմա աշխատանքներ են ընթանում դետալների վրա։
Նա նշել է, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապն անխոչընդոտ գործում է։
«Բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է։ Ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը, որովհետև կարծում եմ, որ մեր տնտեսվարողները արդեն պիտի մտածեն արտահանման մասին», – նշել է Փաշինյանը։