Ամերիաբանկը 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքել Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և FMO-ն 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել: 5 տարի ժամկետով տրամադրվող այս վարկային գործիքն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը:, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
«Սա ևս մեկ նշանավոր ձեռքբերում է մեր գործընկեր FMO-ի հետ երկարամյա հարաբերություններում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կշարունակի նպաստել մաքուր էներգիայի արտադրության ոլորտի կայուն զարգացմանը` միաժամանակ ապահովելով ձեռնարկությունների և բնակչության կողմից Հայաստանի էներգետիկ պաշարների արդյունավետ սպառումը», - նշել է Ամերիաբանկի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը:
Ամերիաբանկի և FMO-ի հետ հարաբերությունների սկիզբը դրվել է դեռևս 2009թ-ին, երբ FMO-ն առաջին անգամ Ամերիաբանկին տրամադրեց վարկ` Հայաստանում ՓՄՁ-ների և վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախագծերի ֆինանսավորման նպատակով:
«FMO-ն հպարտ է, որ կարողացել է ամուր և արդյունավետ հարաբերություններ կառուցել Ամերիաբանկի հետ և աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս վարկային գործիքը կնպաստի Ամերաբանկի հետագա աճին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ընկերություններում նոր աշխատատեղերի ստեղծմանը», - նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին. 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:-0-