ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ արդեն կարելի է սպասարկվել առանց հերթի` օգտվելով ACBA Ticket հավելվածից
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բոլոր 58 մասնաճյուղերի համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«ACBA Ticket բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել և սպասարկվել բանկի` Ձեզ հարմար ցանկացած մասնաճյուղում, նախօրոք ընտրված օրը և ժամին։ Հաշվի առնելով մասնաճյուղի ծանրաբեռնվածությունը հավելվածը Ձեզ կառաջարկի հնարավոր առավել հարմար այլ ժամեր բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հերթագրվելու ժամանակ հավելվածի միջոցով ստեղծվում է առցանց կտրոն, որի միջոցով հաճախորդին տրամադրվում է քառանիշ կոդ։ Մասնաճյուղում անհրաժեշտ է մինչև հաճախորդի կողմից ընտրված ժամը մուտքագրել կոդը հերթերի կառավարման համակարգում:
ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար:
«Մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման համակարգը՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով այն հաճախորդների համար: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մենք անում ենք առավելագույնը, որպեսզի խնայենք Ձեր ժամանակը», – նշվում է հաղորդագրության մեջ։
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։–0–