«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը նախատեսում է առաջատար դիրքեր զբաղեցնել հայկական շուկայում
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը նախատեսում է զբաղեցնել առաջատար դիրքեր հայկական շուկայում, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց «Ինգոսստրախ» ԱԲԲԸ–ի գլխավոր տնօրենը Միխայիլ Վոլկովը։
«Չնայած, որ մեր «Ինգոսստրախ» խմբում «ԻՆԳՈ Արմենիան» իր ծավալներով զբաղեցնում է համեստ տեղ, այն աճում է ավելի արագ, քան ռուսական բիզնեսը` զբաղեցնելով լուրջ դիրքեր տեղական շուկայում, և մենք պլանավորում ենք ամրապնդել այդ դիրքերը», – ասաց Վոլկովը։
Միաժամանակ նա նշեց, որ թվային և բիզնես տեխնոլոգիաների հարցում հայկական ընկերությունն անգամ առաջ է անցել մայր ընկերությունից, որն ընդօրինակում է «ԻՆԳՈ Արմենիայի» փորձը։
«Ինգոսստրախ» ԱԲԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան իր հերթին նշեց, որ ներկա պահին մշակվում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության ռազմավարությունը, որը նախատեսվում է հաստատել մինչև 2017 թվականի ավարտը։
Նա նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկի հետ քննարկվել են այն ուղղություններ, որոնցով կարող է զարգանալ «ԻՆԳՈ Արմենիան»։ Դրանք են բժշկական ապահովագրությունը, «կանաչ քարտը», ինչպես նաև գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրումը, քննարկվել են նաև կյանքի ապահովագրման` շուկա դուրս գալու հնարավորությունները։
«Դա չի նշանակում, որ ուղղություններից յուրաքանչյուրում մենք նպատակ ենք դնելու դառնալ առաջատար, սակայն բոլոր այդ ուղղություններին անդրադարձ կկատարվի ռազմավարության մեջ։ Արդեն հիմա պարզ է, որ ռազմավարության հիմնական խնդիրը լինելու է հայկական շուկայում առաջատար դիրք զբաղեցնելը, այսինքն` առաջին կամ երկրորդ դիրքը», – ասաց Կայգորոդովան։
2017 թ.–ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներով` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ–ի ապահովագրավճարները կազմել են 4,3 մլրդ դրամ, ինչը 18 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից` արտացոլելով ընկերության աճի բարձր տեմպերը։ Ընկերության դիվերսիֆիկացված պորտֆելի 55%–ը կազմում են կամավոր ապահովագրության տեսակների գծով հավաքված ապահովագրավճարները, իսկ 45%–ը բաժին է ընկնում է ԱՊՊԱ–ին, ինչն ապահովում է ընկերության հավասարակշռված և կայուն աճը։
Ընկերության հաճախորդների թվում են 195 հազար ֆիզիկական անձ և 2000 ձեռնարկություն։ Ապահովագրական հատուցումների թիվը կիսամյակի ընթացքում կազմել է 1,9 մլրդ դրամ, իսկ հայտարարված պահանջների հետ միասին կկազմի 2,7 մլրդ դրամ։
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ–ն հիմնվել է 1997 թ.–ին` որպես «ԷՖԵՍ» ապահովագրական ՓԲԸ։ 2003 թ.–ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք է բերել «Ինգոսստրախը», ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ–ի ($1 - 478,32 դրամ)։ -0-