Հայկական բիզնեսը կարող է կամուրջ դառնալ Իրանի և Արևմուտքի միջև. Ամերիաբանկ
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բիզնեսը կարող է կամուրջ դառնալ Իրանի և Արևմուտքի միջև, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը:
Նրա խոսքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը նոր հնարավորություններ է բացում հայկական բիզնեսի համար։
«Դա թույլ է տալիս հայկական բիզնեսին միջազգային հանրության առջև հանդես գալ որպես հնարավորությունների հարթակ` կամուրջ դառնալով Իրանի և ԵՄ-ի, Արևմուտքի միջև», - ասաց Մոսիկյանը` ընդգծելով, որ դա նաև դրական ազդեցություն կունենա հայկական շուկայի վրա:
Փորձագետի կարծիքով, հայկական որոշ ընկերություններ կարող են օգտագործել այս ներուժը և հնարավորությունը` օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
Երեքշաբթի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իր ռազմավարական բիզնես-գործընկերների համար կազմակերպել էր «Միջազգային կապիտալը` որպես բիզնեսի աճի շարժիչ» թեմայով սեմինար-քննարկում:
Սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) ԱՊՀ–ի, ՌԴ–ի և Մոնղոլիայի առաջնային շուկայի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Այունա Նեչաևան և կապիտալի շուկայի և ներդրումների բաժնի ղեկավար, ՌԴ-ում և ԱՊՀ-ում KPMG-ի լեռնահանքային և մետալուրգիակայն ոլորտի ձեռնարկությունների հետ աշխատանքի պրակտիկայի ղեկավար Օլգա Պլևակոն: -0–