Ամերիաբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքել են արտահանումը խթանող համաձայնագիր
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հոկտեմբերի 28-ին բանկի գլխամասային գրասենյակում ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Համաձայնագրի նպատակն է Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին ապահովագրել գնորդի չվճարումից՝ պայմանավորված առևտրային և քաղաքական ռիսկերով:
Դրա արդյունքում արտահանողները ֆակտորինգային ֆինանսավորում ստանալիս ոչ միայն հնարավորություն են ունենում արտահանված ապրանքների դիմաց ստանալ վաղաժամկետ վճարում՝ մեծացնելով շրջանառու միջոցները, այլ ապահովագրված են լինում գնորդի հետագա հնարավոր անվճարունակությունից: Ֆակտորինգը ստանալով արտահանման պայմանագրի արժույթով՝ միաժամանակ հնարավորություն է ստեղծվում չեզոքացնել արտարժույթի տատանման ռիսկերից հնարավոր բացասական արդյունքը։
Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ Ամերիաբանկն ակտիվ գործունեություն է ծավալում ֆակտորինգային ֆինանսավորման ուղղությամբ, ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով բանկի ֆակտորինգային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 50 մլն ԱՄՆ դոլար, որի շուրջ 80%-ը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին:
«Այս համաձայնագրի ստորագրումը մեզ հնարավորություն կտա առավել պարզեցված գործընթացով և զսպված ռիսկերով իրականացնել ֆակտորինգային ֆինանսավորումը, ինչը կնպաստի Հայաստանի արտահանման ծավալների մեծացմանը, հետևաբար և հանրապետություն մուտք գործող ֆինանսական հոսքերի աճին», – նշել է նա։
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը նշեց. «Ամերիաբանկի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում գործակալության ծառայությունների շահառու հանդիսացող արտահանողներին առավել արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալը արտահանմանը հաջորդող տարաժամկետ վճարման փուլում, ավելացնել արտադրության ծավալները, ինչպես նաև, լինելով ապահովագրված օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից, բացահայտել նոր շուկաներ», – ավելացրել է Հանեսյանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ` որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ: Ընկերությունը ՀՀ կառավարության մանդատով տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից, նպաստում տնտեսվարող սուբյեկտներին անգրավ ֆինանսավորման տրամադրմանը ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում։–0–