Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում առաջիկա 1–3 տարիներին ՓՄՁ–ի սպասումները դրական են. Ամերիայի ուսումնասիրություն

15.10.2013, 15:46
Հայաստանում առաջիկա 1–3 տարում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների սպասումները թեև չնչին են, սակայն` դրական, երեքշաբթի Հայաստանում ՓՄՁ–ի ուսումնասիրությունը ներկայացնելիս լրագրողներին ասել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը։

Հայաստանում առաջիկա 1–3 տարիներին ՓՄՁ–ի սպասումները դրական են. Ամերիայի ուսումնասիրություն
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջիկա 1–3 տարում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների սպասումները թեև չնչին են, սակայն` դրական, երեքշաբթի Հայաստանում ՓՄՁ–ի ուսումնասիրությունը ներկայացնելիս լրագրողներին ասել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը։

Նրա խոսքերով` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՓՄՁ ներկայացուցիչների շրջանում գործունեության սպասումներն առաջիկա 1–3 տարում ավելի բարձր են փոքր բիզնես ունեցողների մոտ` 0,41 ցուցանիշ, միջին բիզնես ունեցողների մոտ` 0,18, իսկ միկրոբիզնես ունեցողների մոտ` -0,20, որտեղ 1 ցուցիչը չափավոր ցուցանիշ է։

«Փոքր ձեռնարկությունների դրական տրամադրվածությունը շարժող ուժ կդառնա ոլորտի զարգացման համար, չնայած միկրոբիզնեսի ներկայացուցիչները զարգացման մեջ դրական որևէ բան չեն տեսնում», – ասել է Շաբոյանը։

Միաժամանակ ՓՄՁ–ի ֆինանսավորման հիմնական աղբյուր է նշվում բանկային համակարգը, մասնավորապես` ՓՄՁ–ի վարկավորման 70 տոկոսը բաժին է հասնում դրամային վարկերին, որտեղ վարկի միջին չափը կազմում է 8,5 մլն դրամ տարեկան 18,5 տոկոս միջին տոկոսադրույքով։ Մնացած 30 տոկոսը բաժին է հասնում դոլարային վարկերին, որոնք կազմում են միջինը 130 հազար դոլար տարեկան 14,5 տոկոս տոկոսադրույքով։

Նա նաև նշել է, որ 2013 թ.–ի առաջին եռամսյակում ՓՄՁ–ում անկում է նկատվում 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, որը միկրոբիզնեսի համար ավելի լուրջ էր, քան փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2013 թվականն անհաջող էր ՓՄՁ–ի համար, որը մեծամասամբ անկում է գրանցել իր գործունեության տնտեսական բաղկացուցիչում», – ասել է Շաբոյանը։

Միաժամանակ առավել լավ դիրքում են գտնվում Դիլիջանում գործող ընկերությունները, որոնք անգամ առաջ են անցել Երևանից, որտեղ գործունեության անկումն ավելի զգալի է։ Առավել բացասական իրավիճակ է Վանաձորում և Գյումրիում։

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին նվիրված հետազոտություն է անցկացրել։ Փաստաթուղթը հիմնված է 2013 թվականի մայիս–հունիս ամիսներին ՓՄՁ 1003 սուբյեկտներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքների վրա, որոնցից 655–ը գործում են Երևանում, 144–ը` Գյումրիում, 152–ը` Վանաձորում, 52–ը` Դիլիջանում։ Միաժամանակ, հետազոտությանը մասնակցած ընկերությունների 74.4 տոկոսը միկրոբիզնեսի սուբյեկտներ են, 20.2 տոկոսը` փոքր, 5.1 տոկոսը` միջին բիզնեսի։ Դրանցից ՓՄՁ ընկերությունների 47.6 տոկոսը հետազոտվող քաղաքներում զբաղված է առևտրի ոլորտում, 34.4 տոկոսը` ծառայությունների ոլորտում, 15.5 տոկոսը` արդյունաբերության, իսկ 2.2 տոկոսը` շինարարության։ Միաժամանակ, առևտրի ոլորտը միկրոբիզնեսի սուբյեկտների շարքում կազմում է 55.2 տոկոս։

Հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի է բոլորի համար 1.240 մլն դրամով։

1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը, որը խորհրդատվական ծառայությունների հայկական շուկայի առաջատար ընկերություններից մեկն է, առաջարկում է մասնագիտական ծառայություններ երեք հիմնական ուղղություններով՝ կառավարման, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն: Ընկերությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական և ռազմավարական խորհրդատու և գործընկեր հաճախորդների համար պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև Հայաստանում և Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպություններում: -0-