Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

IFC–ն հանդես է գալիս Հայաստանում ներդրումների պաշտպանվածությունը բարձրացնելու և դրանք երկրում պահելու նոր նախաձեռնությամբ

09.06.2017, 10:26
2008 թվականից  ի վեր Հայաստանում գրանցվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների կտրուկ անկում, ինչը մասամբ պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով:
IFC–ն հանդես է գալիս Հայաստանում ներդրումների պաշտպանվածությունը բարձրացնելու և դրանք երկրում պահելու նոր նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. 2008 թվականից  ի վեր Հայաստանում գրանցվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների կտրուկ անկում, ինչը մասամբ պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով:

Փորձելով շրջադարձել այս միտումը՝ ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է իրականացրել երկրի գործարար միջավայրը բարելավելու նպատակով: Արդյունքում Հայաստանը վերջերս բարելավել է իր դիրքը «Գործարարությամբ զբաղվելու դյուրինության» ցուցանիշով և 190 տնտեսությունների շարքում 38-րդ տեղն է զբաղեցնում  (նախորդ տարվա 43-րդ տեղի համեմատ) 2017 թվականի «Գործարարությամբ զբաղվելու» զեկույցում, որը Համաշխարհային բանկի խմբի կողմից թողարկվող հանրահայտ հրատարակություն է:

Բայցևայնպես, ավելին անելու անհրաժեշտություն կա: Ներդրողները, որպես կանոն, դիտարկում են ոչ միայն միջազգային վարկանիշային գնահատականները, այլ նաև հաշվի են առնում ներդրումների պաշտպանության երաշխիքները և դրանց իրացման որակը:

Այլ երկրներն ինչպե՞ս են լուծում տալիս իրավական որոշակիության և դրա պատշաճ իրականացման հարցին:

Օրինակ, ի՞նչ է տեղի ունենում, երբ բռնագրավվում է օտարերկրյա ներդրումներով ընկերության գույքը, սահմանափակվում է օտարերկրյա ներդրողի կողմից իր սեփականությունը և ներդրման հետևանքով ստացված շահույթը արտահանելու իրավունքը, ընթացակարգերը բավարար չափով թափանցիկ չեն, երբ առկա են կառավարության կամայական գործողությունները, խախտվել են պայմանագրով ամրագրված դրույթները կամ ներդրողի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել: Արդյո՞ք ներդրողները պետք է վեճերի կարգավորման համար դատական ատյաններով անցնեն, ինչը հաճախ կարող է ծախսատար և ժամանակատար լինել:

Ստեղծված իրավիճակում արդյունավետ լուծում է ներդրողների համակարգված արձագանքման  գործուն մեխանիզմի ստեղծումը: Որպեսզի հնարավոր լինի ներդրողների մտահոգություններին «լուծում տալ» վաղ փուլում և թույլ չտալ, որ դրանք վերածվեն դատական վեճի, որոշ երկրներում, հետևելով Համաշխարհային բանկի խմբի փորձագետների խորհրդին, ներդրվել է նոր գործիք, որը կոչվում է «Ներդրողների համակարգված արձագանքման մեխանիզմ»: Նպատակն է բարելավել պետական գերատեսչությունների աշխատանքի համակարգումը ներդրողների խնդիրներին հնարավորինս վաղ փուլում լուծում տալու համար՝ այս կերպ երկրից ներդրումների դուրս հանումը կամ բիզնեսն ընդլայնելու ծրագրերից հրաժարումը կամ ներդրող-պետություն ծախսատար վեճերը կանխելու նպատակով: Բոսնիա և Հերցեգովինայում, օրինակ, այս նոր գործիքն օգնել է երկրում պահպանել 15.89 միլիոն դոլարի ներդրումները, ներգրավել 41.62 դոլարի նոր ներդրումներ և ստեղծել ավելի քան 900 նոր աշխատատեղ:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Համաշխարհային բանկի խմբի Առևտուր և մրցունակություն գլխավոր վարչության կողմից, խորհրդատվություն է տրամադրվում ՀՀ կառավարությանը՝ «Ներդրողների համակարգված արձագանքման մեխանիզմը» կիրառելու  նպատակով: Միջազգային փորձագետները ներկայացրել են այլ երկրների փորձը, ինչպես նաև իրենց տեսակետներն այն մասին, թե ինչն է աշխատում և ինչը չի աշխատում։

Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանում կարող է գործել մեկ համակարգող խումբ, որտեղ ներդրողները կներկայացնեն իրենց գանգատները և կստանան իրենց գանգատների լուծումը: Նշված մեխանիզմը ստեղծվելու դեպքում, վերոհիշյալ խումբը կունենա ներդրողների հետ աշխատանքի համակարգ և ակտիվորեն կաշխատի ներդրողների հետ՝ հավաքագրելու նրանց գանգատները: Ներդրողները նաև կկարողանան լրացնել իրենց գանգատներն էլեկտրոնային եղանակով և ներկայացնել համակարգող խմբին:

 «Ներդրողների գանգատներին արդյունավետ լուծում տալը դրական ազդակ կլինի փաստացի և պոտենցիալ ներդրողների համար և կընդգծի, որ Հայաստանը բարենպաստ միջավայր ունի գործարարությամբ զբաղվելու համար», - նշում է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը: «Մենք ակնկալում ենք, որ նոր գործիքը կօգնի մեզ ներգրավել ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ինչը կնպաստի երկրում աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին»:

Ինչպե՞ս է ստեղծվելու « Ներդրողների համակարգված արձագանքման մեխանիզմը»: Համաշխարհային բանկի խմբի փորձագետները կաշխատեն ՀՀ կառավարության հետ՝ օգնելու նրանց մեխանիզմի մշակման և համապատասխան պետական մարմնի կարողությունների զարգացման հարցում՝ մեխանիզմի հետևողական ներդրումն ապահովելու համար: Փորձագետները նաև կաշխատեն ՀՀ կառավարության հետ՝ մոնիթորինգի գործիք ներդնելու ուղղությամբ, որով կգնահատվի նախաձեռնության շնորհիվ երկրում կատարված և պահպանված ներդրումների ծավալը և ստեղծված աշխատատեղերի քանակը:

IFC-ի «Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է «Համաշխարհային բանկ» խմբի Առևտուր և մրցունակություն գլխավոր վարչության կողմից՝ համագործակցելով Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարության և Հունգարական գործընկերության հիմնադրամ/Հունգարիայի EXIM բանկի հետ: -0-