19 ռուսական ընկերություններ գործընկերներ են փնտրում Հայաստանում․ Երևանում անցկացվում է «Արտադրված է Ռուսաստանում» գործարար առաքելությունը
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 11-12-ը Երևանում անցկացվում է սննդամթերքի, կոսմետիկայի և կենցաղային քիմիայի արտադրությամբ զբաղվող ռուսական 19 ընկերությունների գործարար առաքելությունը «Արտադրված է Ռուսաստանում» (Сделано в России) ծրագրի շրջանակում, որը կազմակերպել է Ռուսաստանի արտահանման կենտրոնը: Առաքելության շրջանակում տեղի են ունենում B2B բանակցություններ ռուս արտադրողների և հայաստանյան դիստրիբյուտորների ու առևտրային ցանցերի ներկայացուցիչների միջև:
Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ողջունել է միջազգային գործարար առաքելության բացումը:
«Ողջունելի է, որ այս կարևոր և պահանջված միջոցառումը ստացել է հայկական կողմի աջակցությունը, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գծով: Ինչպես ցույց տվեցին անցյալ տարվա արդյունքները, Ռուսաստանը պահպանել է հանրապետության գլխավոր առևտրատնտեսական և ներդրումային գործընկերոջ դերը», — ասված է Կոպիրկինի ուղերձում:
Նա նշել է, որ ռուսական կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներում՝ լեռնահանքային արդյունաբերություն, էներգետիկա, մետալուրգիա, տրանսպորտային-լոգիստիկ հատված, բանկային և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտ:
Ըստ դիվանագետի՝ ռուսական տնտեսական օպերատորների առաջատար դիրքերը ոչ միայն խորհրդային համատեղ պատմության ժառանգությունն են, այլև երկու երկրների գործարար համայնքների ակտիվ աշխատանքի արդյունքը, որոնք շարունակում են զարգացնել փոխգործակցությունը՝ չնայած տնտեսական և լոգիստիկ դժվարություններին:
Կոպիրկինը նաև ընդգծել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության 11 տարիների ավանդը, որի մեխանիզմները նպաստել են երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական համագործակցության զարգացմանը:
Նրա խոսքով՝ առկա են լուրջ ռեզերվներ երկկողմ տնտեսական համագործակցության խորացման համար, մասնավորապես՝ միջտարածաշրջանային փոխգործակցության և մարքեթփլեյսների հիման վրա ինտերնետային առևտրի զարգացման ոլորտում:
Ռուսական ապրանքները՝ հայաստանյան շուկայում. անձնական շփումների դերը

Հայաստանում «Ռուսաստանի արտահանման կենտրոն» ԲԲԸ ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը կարևորել է նմանատիպ գործարար առաքելությունները և հայկական շուկայում ռուսական ապրանքների պահանջարկը:
«Ամենամեծ պահանջարկն ունեն հրուշակեղենը, յուղաճարպային, մսային և կաթնամթերքի արտադրանքը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության տարածքում արտադրվող ողջ ագրոարտադրանքը մեծ պահանջարկ և տարածում ունի Հայաստանում», — լրագրողներին ասել է Ենոքյանը:
Նրա խոսքով՝ նման միջոցառումները թույլ են տալիս ուղիղ երկխոսություն հաստատել ռուս արտադրողների և հայ գնորդների միջև: Մեկ հարթակում հավաքվում են Հայաստանի առևտրային ցանցերի խոշոր դիստրիբյուտորները և պահանջված արտադրանքի ռուս արտադրողները: «Կոնտակտների բորսա» ձևաչափով երկու օրվա ընթացքում անցկացվում են գործարար բանակցություններ երկու կողմերի ընկերությունների միջև:
«Մենք համոզված ենք, որ գործարար առաքելությունները և ցուցահանդեսային–տոնավաճառային միջոցառումները արտահանման առաջխաղացման և նոր շուկաներ դուրս գալու կարևոր գործոն են»,մ – ասել է Ենոքյանը։
Նրա խոսքով, համագործակցության լրացուցիչ ներուժը կապված է միասնական տնտեսական տարածքի և երկաթուղային ուղիներով ռուսական ապրանքների արտահանման համար նոր հանավորությունների հետ։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Ենոքյանը նշել է, որ նախորդ գործարար առաքելություններն արդեն հանգեցրել են պայմանագրերի կնքման:
«Օրինակ՝ անցյալ տարի միջոցառումների արդյունքում կնքվել են պատվաստանյութերի մատակարարման պայմանագրեր: Կան նաև պայմանագրեր մսամթերքի, կաթի փոշու և յուղաճարպային արտադրանքի ոլորտում», — ասել է նա:
Նրա խոսքով, չնայած հաղորդակցության թվային ալիքների զարգացմանը, անձնական բանակցությունները արտադրողների և գնորդների միջև մնում են վստահության կարևոր գործոն։
Հայաստանը հուսալի գործընկեր է ռուսական ընկերությունների համար

Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը լրագրողներին հայտարարել է, որ հայկական շուկա դուրս եկող ռուսական ընկերությունները հաճախ սկսում են մրցակցել հենց միմյանց հետ:
«Որովհետև մանրածախ առևտրի ցուցափեղկերում տեղերն իրականում շատ չեն: Որակի կամ մատակարարման լավագույն պայմանների առկայության դեպքում ռուսական ապրանքները սկսում են մրցակցել միմյանց միջև», — ասել է Իվանովը:
Նա նշել է, որ շուկայում տեղի է ունենում ապրանքների մշտական ռոտացիա՝ դրանց փոխարինում ավելի որակյալ կամ գնային առումով ավելի հասանելի արտադրանքով:
Նա նաև նշել է, որ Հայաստանից Ռուսաստան իրականացվող արտահանումը վերջին շրջանում նվազման միտում ունի, այն դեպքում, երբ ներկրումն աճում է։
Իվանովի խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ ռուսական ընկերությունները, գտնվելով միջազգային պատժամիջոցների պայմաններում, հայկական շուկան դիտարկում են որպես հուսալի գործընկեր և իրացման այլընտրանքային շուկա:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայ արտադրողներն աստիճանաբար դիվերսիֆիկացնում են իրացման շուկաները:
«Թեև Ռուսաստանը շարունակում է մնալ թիվ մեկ շուկան հայկական խորը վերամշակման հայկական արտադրանքի համար, հայ արտադրողները ձգտում են ընդլայնել մատակարարումների աշխարհագրությունը», – ասել է նա։
Իվանովը նաև ընդգծել է Հայաստանում գտնվող հայ–ռուսական համատեղ արտադրությունների նշանակությունը, որոնք կարող են օգտագործել ԵՄ–ի հետ երկրի համագործակցության առավելությունը՝ նոր շուկաներ դուրս գալու համար։
Գործարար առաքելությունը՝ որպես տնտեսական կապերի զարգացման գործոն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը կարևորել է առաքելությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար:
«Կարծում եմ, որ այսօրվա միջոցառումն իր ավանդը կունենա Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման գործում», — ասել է Հովակիմյանը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը 2025 թվականի արդյունքներով մնում է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերներից մեկը՝ նրա մասնաբաժինը ՀՀ արտաքին առևտրում 2025 թվականին գերազանցել է 35%-ը:
Հովակիմյանը նշել է, որ միջոցառումը նվիրված է սննդամթերքի և ժողովրդական սպառման ապրանքների հետ կապված ոլորտների զարգացմանը։
Նրա խոսքով, այդ ոլորտներն ունեն զգալի մուլտիպլիկատիվ էֆեկտ, քանի որ դրանց զարգացումը խթանում է տնտեսության մյուս ոլորտների աճը, աշխատատեղերի ստեղծումն ու սպառողական պահանջարկի ավելացումը։
Փոխնախարարն ընդգծել է համագործակցության ներուժը սննդամթերքի, կոսմետիկայի, դեղագործության և գյուղմթերքի արտադրության ոլորտներում:
Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացվում են պետական և մասնավոր ծրագրեր, որոնք ուղղված են ագրարային հատվածի արդիականացմանը, արտադրության ընդլայնմանն ու արտադրանքի որակի բարձրացմանը։
Հովակիմյանը նաև նշել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նշանակությունը, որն ուղղված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացմանը:
Նրա խոսքով՝ այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի երկաթուղային հաղորդակցության զարգացումը, ինչը կարող է նոր հնարավորություններ ստեղծել լոգիստիկայի և արտահանման ծավալների ընդլայնման համար: